Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան աշխատանքի ընթացքում կոնֆլիկտներ է ունեցել թիմի վեց ֆուտբոլիստների հետ։ Իսպանացի մասնագետին չի հաջողվել հարթել բոլոր տարաձայնությունները, ինչը հանգեցրել է ակումբում մթնոլորտի վատթարացման։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ովքե՞ր են դժգոհ մարզիչից և ի՞նչն է պատճառը.
Էդուարդո Կամավինգա. Ֆրանսիացի կիսապաշտպանն առաջինն էր, ով դժգոհություն հայտնեց Արբելոային։ Նրան դուր չեն եկել թիմում կատարված փոփոխությունները։ Այդ մասին մարզչին հայտնելուց հետո նրանց հարաբերությունները դարձել են «սառը և օտարված»։
Դանիել Կարվախալ. Պաշտպանը դժգոհ է իր ստացած խաղաժամանակից։ Նրա և Արբելոայի միջև լարվածությունը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ խաղացողը դաշտ դուրս չի եկել փետրվարի 1-ին կայացած «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպմանը։
Ալվարո Կարերաս. Պաշտպանը դժգոհել է, որ Չեմպիոնների լիգայում «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ Նա փորձել է պարզաբանումներ ստանալ անմիջապես խաղից հետո, ինչի պատճառով Արբելոան ուշացել է հետխաղյա մամուլի ասուլիսից։
Դավիդ Ալաբա. Ավստրիացի պաշտպանը նույնպես վրդովված է խաղաժամանակի սակավությունից։ Նա և մարզիչը գրեթե չեն շփվում միմյանց հետ։ Սպասվում է, որ Ալաբան ամռանը կհեռանա ակումբից։
Ռաուլ Ասենսիո. Պաշտպանի և մարզչի միջև բախում է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը չի ընդգրկվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ ՉԼ խաղի մեկնարկային կազմում։ Ավելի ուշ խաղացողը տրտնջացել է առողջական խնդիրներից «Էլչեի» դեմ խաղից առաջ, ինչը զայրացրել է Արբելոային։ Ապաքինվելուց հետո Ասենսիոն որոշ ժամանակ դուրս է մնացել հայտացուցակից։ Կոնֆլիկտը հարթվել է միայն այն բանից հետո, երբ պաշտպանը հանդերձարանում ներողություն է խնդրել։
Դանիել Սեբալյոս. Կիսապաշտպանը «Բետիսի» դեմ խաղից մեկ օր առաջ լարված խոսակցություն է ունեցել Արբելոայի հետ։ Դրանից հետո նա թիմակիցներին հայտնել է, որ խնդրել է մարզչին այլևս չկապնվել իր հետ։ Սեբալյոսը համոզված է, որ մինչև մրցաշրջանի ավարտը այլևս խաղադաշտ դուրս չի գա և ամռանը կլքի «Ռեալը»։
























































