Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում տրանսֆերի հանել կամ հրաժեշտ տալ թիմի կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեին և Օրելիեն Չուամենիին՝ մարզաբազայում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո։ Այս մասին հաղորդում է իսպանական El Mundo պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը պատժելու է երկու ֆուտբոլիստներին էլ, սակայն Վալվերդեի նկատմամբ կարող են ավելի խիստ պատժամիջոցներ կիրառվել, քանի որ նա թիմի ավագներից մեկն է։ Չնայած այս հանգամանքին՝ «արքայական» ակումբի ղեկավարները լիովին բացառում են նրանց վաճառքը և երկարաժամկետ հեռանկարում շարունակում են երկուսին էլ դիտարկել որպես թիմի առանցքային խաղացողների։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը ծագել էր հինգշաբթի՝ մայիսի 7-ին։ Ընդհարման ընթացքում Ֆեդերիկո Վալվերդեն գլխի շրջանում վնասվածք էր ստացել և հոսպիտալացվել, թեև ավելի ուշ ուրուգվայցին հերքել էր, թե հարված է ստացել Չուամենիից։
«Ռեալն» իր առաջիկա հանդիպումը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» դեմ՝ «Կամպ Նոու» մարզադաշտում։ Սպասվող սկզբունքային դիմակայությունը կկայանա կիրակի՝ մայիսի 10-ին։

























































