Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 88 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։
25-ամյա ծանրորդը պոկում վարժությունն ավարտեց 160 կգ արդյունքով, իսկ հրումում հաջողությամբ գլխավերևում պահեց 195 կգանոց ծանրաձողը: Երկամարտում հավաքելով 355 կգ՝ Հարությունյանը մայրցամաքային ստուգատեսում գրավեց 7-րդ հորիզոնականը։
Այս քաշային կարգում ոսկե մեդալների համար պայքարն ավարտվեց Մոլդովայի ներկայացուցիչ Մարին Ռոբուի հաղթանակով. վերջինս Եվրոպայի չեմպիոն հռչակվեց երկամարտի 373 կգ (173+200) ցուցանիշով։ Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեց վրացի Զուրաբ Մսխալաձեն՝ գրանցելով 363 կգ (163+200)։
Լավագույն եռյակը եզրափակեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Անդրանիկ Կարապետյանը, որն այժմ հանդես է գալիս Բոսնիա և Հերցեգովինայի դրոշի ներքո։ Նա բրոնզե պարգևին արժանացավ երկամարտի 361 կգ (167+194) արդյունքով։




























































