Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Գանձասարի» հետ։
ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները հաշիվը բացեցին 12-րդ րոպեին Նարեկ Հովհաննիսյանի գոլի շնորհիվ: Ընդամենը չորս րոպե անց ԲԿՄԱ-ն մնաց տասը հոգով. վերջին հույսի խախտման համար հեռացվեց Պողոս Կրմզյանը։ Նշանակված 11-մետրանոցը «Գանձասարից» չկարողացավ իրացնել Բերտրան Մանին․ դարպասապահ Դավիթ Դավթյանը հետ մղեց հարվածը:
Կապանյան թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը մինչև ընդմիջում. 44-րդ րոպեին աչքի ընկավ Լուկա Ռոդրիգեսը:
Հանդիպման հանգուցալուծումը կարող էր տեղի ունենալ ավելացված 7-րդ րոպեին, երբ Ռոդրիգեսը շրջադարձ հարվածով ևս մեկ անգամ գրավեց դարպասը, սակայն մրցավարը VAR համակարգի միջամտությամբ արձանագրեց կանոնների խախտում և չեղարկեց գոլը։
Այս խաղից հետո թիմերն ունեն 18-ական միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում են 7-8-րդ հորիզոնականները։




























































