Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնի համանուն մարզադաշտում հյուրընկալել էր «Բրայթոնին»։ Գոլառատ և լարված պայքարում անցած խաղն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքիով՝ 2:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց լոնդոնցիների պաշտպան Պեդրո Պորոն, սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+3′) Կաորու Միտոման վերականգնեց հավասարությունը։
Երկրորդ կեսում՝ 77-րդ րոպեին, Խավի Սիմոնսը կրկին առաջ մղեց «Տոտենհեմին»։
Թվում էր՝ «լոնդոնցիները» կկարողանան պահպանել հաղթական հաշիվն ու վաստակել կարևորագույն 3 միավոր, սակայն մրցավար Ստյուարտ Ատվելի կողմից փոխհատուցված ժամանակում՝ 90+5-րդ րոպեին, Ժորժինյո Ռյուտերը դրամատիկ հանգուցալուծմամբ փրկեց «Բրայթոնին» պարտությունից՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս ցավալի վրիպումից հետո «Տոտենհեմը» վաստակած 31 միավորով շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականում (ԱՊԼ-ից դուրս մնալու գոտի): Ինչ վերաբերում է «Բրայթոնին», ապա «ճայերը» 47 միավորով ապահով զբաղեցնում են 9-րդ տեղը։
Առաջնության հաջորդ տուրում «Տոտենհեմն» ապրիլի 25-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Վուլվերհեմփթոնի» հետ, իսկ «Բրայթոնն» ապրիլի 21-ին սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Չելսիին»։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ




























































