Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» դժգոհություններին՝ կապված Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղի մրցավարության հետ։
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» դեմ այդ դիմակայությունում մադրիդցիները պարտվել էին 3-4 հաշվով, իսկ հանդիպման վերջնամասում դաշտից հեռացվել էր իսպանական թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան։
«Պետք է վերջ տալ սրան։ Էլ որքա՞ն են նրանք անպատիժ մնալու։ Եթե որևէ բան այնպես չի ընթանում, ինչպես պլանավորել է «Ռեալը», ապա քաոս է առաջանում։ Նրանք ուզում են, որ մրցավարի յուրաքանչյուր որոշում լինի հօգուտ իրենց։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչպես են նրանք կարողացել նվաճել Չեմպիոնների լիգայի 15 գավաթ»,- Կանի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն։
Նշենք, որ երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով «Բավարիային» 4-6 հաշվով՝ «Ռեալը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից։

























































