Իսպանացի հայտնի լրագրող Էդու Ագիրեն կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալին»՝ խոսելով ընթացիկ մրցաշրջանում թիմի ունեցած խնդիրների մասին։
«Արքայական ակումբը» գրեթե զրկվել է չեմպիոնության շանսերից՝ Լա Լիգայի 31-րդ տուրի ուրբաթօրյա խաղում միավորներ կորցնելով «Ժիրոնայի» հետ (1:1): Մադրիդյան գրանդը մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնային» այժմ զիջում է ինը միավորով:
««Ռեալն» առաջնությունում խաղում է Եվրոպա լիգայի, ոչ, նույնիսկ Կոնֆերենցիաների լիգայի մակարդակի թիմի պես։ Նրանք սայթաքեցին «Էլչեի», «Սելտայի», «Խետաֆեի», «Մալյորկայի» և «Ժիրոնայի» հետ խաղերում: Եվ սրանք այն դեպքերը չեն, երբ մրցակցի դարպասապահը 15 սեյվ է կատարում, ինչպես լինում էր երկու տարի առաջ, երբ «Ռեալն» անդադար գրոհում էր։
Ոչ, այս բոլոր հանդիպումներում արդեն 75-րդ րոպեին պարզ էր, որ թիմը չի հաղթելու։ Նման բան չպետք է լինի։ Այս «Ռեալը» մրցաշարային աղյուսակի միջնամասի, Կոնֆերենցիաների լիգայի մակարդակ ունի»,- Ագիրեի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Նշենք, որ ապրիլի 15-ին Ալվարո Արբելոայի գլխավորած կոլեկտիվը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումն է անցկացնելու Մյունխենի «Բավարիայի» հետ։


























































