Միլանի «Ինտերը» մտադիր է շարունակել համագործակցությունը ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, միլանյան ակումբը ծրագրում է ռումինացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2028 թվականի ամառ:
Աղբյուրի տեղեկություններով՝ դրանից հետո սպասվում է, որ «Ինտերը» կանցնի «4-3-2-1» մարտավարական սխեմայի՝ որոշակիորեն փոփոխելով թիմի խաղաոճը:
Հիշեցնենք, որ Քրիստիան Կիվուն միլանյան թիմը գլխավորել է 2025 թվականի հունիսին՝ կնքելով պայմանագիր մինչև 2027 թվականը: Մինչ այդ՝ 2018-ից 2024 թվականներին, նա մարզել է «Ինտերի» տարբեր տարիքային թիմերը, իսկ արդեն 2025 թվականին հասցրել է գլխավորել նաև «Պարման»:
Հատկանշական է, որ ռումինացին խորը արմատներ ունի ակումբում. իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում՝ 2007-ից 2014 թվականներին, Կիվուն որպես խաղացող պաշտպանել է «ներաձուրիների» գույները՝ նվաճելով ութ տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը:



























































