Իտալիայի ազգային հավաքականի պատվիրակության ղեկավար Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է ԱԱ-2026-ի անցումային խաղում Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունն ու Մունդիալի ուղեգիր չնվաճելը (1:1, 11մ՝ 1:4)։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան ցավալի պարտությունից հետո հայտարարել էր. «Ես խնդրել եմ Գատուզոյին և Բուֆոնին մնալ պաշտոններում: Բոլորը տեսան խաղը. ֆուտբոլիստներն արեցին այն ամենը, ինչ կարող էին»։
Լեգենդար դարպասապահն արձագանքել է այս իրավիճակին՝ նշելով, որ առայժմ կշարունակեն աշխատանքը հավաքականում.
«Սա շատ նուրբ պահ է։ Մեզ ժամանակ է հարկավոր իրավիճակը գնահատելու համար։ Մրցաշրջանն ավարտվում է հունիսին, ուստի Ֆեդերացիայի, նախագահի և մեզ վստահող բոլոր անձանց նկատմամբ ճիշտ և արդար կլինի, եթե մինչ այդ մենք մնանք մեր պաշտոններում։
Եթե դուք նկատում եք դրական փոփոխություններ և բարելավում մեր խաղում, ապա ես շատ ուրախ եմ: Դա մեր նպատակներից մեկն էր։ Բայց, ակնհայտ է, որ գլխավոր նպատակը աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելն էր:
Այնտեղ չհայտնվելն իսկապես շատ ցավոտ է: Հիմա մենք ռիսկի ենք դիմում կորցնել մտքի հստակությունը, ուստի ես կսահմանափակվեմ այսքանով: Մենք կմնանք այստեղ մինչև հունիս, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։























































