Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» դժվար թե կարողանա իրեն թույլ տալ միանգամից երկու խոշոր գործարք իրականացնել:
Լրագրող Կառլոս Մոնֆորտի տեղեկությունների համաձայն՝ «կապտանռնագույնների» գլխավոր տրանսֆերային թիրախներն են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը և Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։ Սակայն սպասվում է, որ կատալոնական գրանդը ստիպված կլինի ընտրություն կատարել արգենտինացու և իտալացու միջև:
Ներկա պահին Բաստոնիի տեղափոխությունն ավելի իրատեսական է դիտարկվում։ Պաշտպանի հետ արդեն իսկ բանակցություններ են ընթանում, իսկ նրա տրանսֆերային արժեքն այնքան աստղաբաշխական չի լինի, որքան «Ատլետիկոյի» հարձակվողի պարագայում։
Նշվում է նաև, որ Ալվարեսը պատրաստակամ է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն եթե այս գործարքը չկայանա, նա, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ:


























































