Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա ամռանը կփորձի իրականացնել Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի տրանսֆերը:
Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալացի ֆուտբոլիստը դարձել է «կապտանռնագույնների» գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը: Նշվում է, որ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն արդեն իսկ ակտիվ աշխատանքներ է տանում այս հավակնոտ գործարքն իրականացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «ներաձուրիները» ամենևին շահագրգռված չեն բաժանվել իրենց առանցքային պաշտպանից, ուստի նրա տեղափոխության դիմաց կարող են պահանջել այնպիսի աստղաբաշխական գումար, որն անհասանելի կլինի «Բարսելոնայի» համար:
Հավելենք, որ Transfermarkt պորտալի փորձագետները 26-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո: Բաստոնիի գործող պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:



























































