Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան, Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք հանդիպմանն ընդառաջ, խոսել է թիմի պաշտպան Անտոնիո Ռուդիգերի ապագայի մասին: Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք մարզիչը ցանկանում է Ռ-ուդիգերին տեսնել թիմում նաև հաջորդ մրցաշրջանում, Արբելոան նախընտրել է պահպանել պրոֆեսիոնալ էթիկան, սակայն չի թաքցրել իր անսահման հիացմունքը խաղացողի նկատմամբ։
«Չեմ սիրում միջամտել նմանատիպ հարցերին։ Ես մեծապես հարգում եմ թե՛ ակումբին, թե՛ ֆուտբոլիստին. հենց նրանք պետք է ընդհանուր հայտարարի գան։ Բայց եթե հարցնում եք իմ կարծիքը, ապա ես պատրաստ եմ պատվիրել Ռյուդիգերի արձանն ու այն կանգնեցնել իմ այգում»,- նշել է Արբելոան։
Մարզիչն ընդգծել է ֆուտբոլիստի անմնացորդ նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը՝ նշելով, որ իր ժամանման առաջին իսկ օրվանից Ռուդիգերը մշտապես հասանելի է եղել մարզչական շտաբի համար։
«Շատ լավ հիշում եմ մեր զրույցը, երբ նա նստեց կողքիս ու ասաց. «Պարոն, մարտին ես այստեղ եմ լինելու։ Երբ գան դժվարին ժամանակները, ես պատրաստ կլինեմ»։ Եվ նա, անկասկած, պահեց իր խոսքը։ Նա իսկական օրինակ է բոլոր երիտասարդ խաղացողների համար։
Հուսով եմ՝ «Ռեալի» երկրպագուները հասկանում են, թե որքան է մեր բախտը բերել, որ նա մեր ակումբում է։ Վստահ եմ, որ նրանք միշտ երախտապարտ կլինեն Ռուդիգերին իր ջանքերի, որպես ֆուտբոլիստ իր տաղանդի, ինչպես նաև այն բնավորության ու անհատականության համար, որ նա փոխանցում է թիմին։ Անտոնիո Ռուդիգերի մասին կարող եմ հնչեցնել միայն ամենադրական կարծիքներ»,- Արբելոայի խոսքերը մեջբերում է իսպանական ասոցիացված AS պարբերականը։
«Ռեալ Մադրիդ» — «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 22-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։
























































