Միլանի «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը. իտալական ակումբը պատրաստ է գնալ ֆինանսական զիջումների:
Ինչպես հաղորդում է բրիտանական Topskills Sports UK պարբերականը, «ներաձուրիները» որոշել են նվազեցնել ֆուտբոլիստի համար պահանջվող գումարը՝ նախնական 80 միլիոն եվրոյի փոխարեն սահմանելով 50 միլիոն՝ գումարած հնարավոր բոնուսներ: Նման պայմանները բավականին գրավիչ են կատալոնացիների համար:
Ըստ աղբյուրի՝ Բաստոնին անձամբ մեծ ցանկություն ունի հանդես գալու հենց «Բարսելոնայում» և կտրականապես հրաժարվում է բանակցել այլ ակումբների հետ: Նշվում է, որ գործարքի հաջող ավարտի դեպքում իտալացի պաշտպանի համար արդեն իսկ նախապատրաստվել է պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի հունիսը:
26-ամյա Բաստոնին անփոխարինելի ֆուտբոլիստ է ինչպես «Ինտերում», այնպես էլ Իտալիայի ազգային ընտրանու կազմում, որի հետ նա 2020 թվականին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Միլանյան ակումբի մարզաշապիկով նա հասցրել է նվաճել բազմաթիվ տիտղոսներ.
- Իտալիայի չեմպիոն (2 անգամ՝ 2020/21, 2023/24)
- Իտալիայի գավաթակիր (2 անգամ՝ 2021/22, 2022/23)
- Իտալիայի Սուպերգավաթակիր (3 անգամ՝ 2021, 2022, 2023)
Պաշտպանն «Ինտերի» շարքերը համալրել է 2017 թվականին՝ «Ատալանտայից» տեղափոխվելով 31,1 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալի գնահատականներով՝ Բաստոնիի շուկայական արժեքն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 80 միլիոն եվրո:


























































