«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հայտնում է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է սկսել իտալական ակումբի հետ և այս ամռանը, երբ ավարտվի նրա գործող պայմանագրի ժամկետհ «քաղաքայինների» հետ, կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Սակայն «Յուվենտուսի» համար հեշտ չի լինի իրագործել այս տրանսֆերը, քանի որ Սիլվայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև Միլանի «Ինտերն» ու թուրքական «Գալաթասարայը»։
Հիշեցնենք, որ Բեռնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել ֆրանսիական «Մոնակոյից» 2017 թվականին՝ 50 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո։



























































