Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմական ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած առաջին խաղում (3-0):
«Արքայական» ակումբի համար տնային հանդիպման 20-րդ րոպեին բելգիացի դարպասապահը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ֆեդերիկո Վալվերդեին բացել խաղի հաշիվը (ընդամենը յոթ րոպե անց ուրուգվայցին դուբլ է ձևակերպել արդեն առանց Կուրտուայի օգնության, իսկ ավելի ուշ՝ հեթ-տրիկ, ինչի շնորհիվ «Ռեալը» հաղթել է 3-0 հաշվով)։
Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական հարթակը, սա Կուրտուայի երրորդ արդյունավետ փոխանցումն էր Չեմպիոնների լիգայում։ Այս ցուցանիշով նա դարձել է մրցաշարի պատմության լավագույն ասիստենտը դարպասապահների շրջանում՝ շրջանցելով Խոսե Ֆրանսիսկո Մոլինային և Օլիվեր Կանին, որոնք ունեն երկուական գոլային փոխանցում։ Բելգիացին իր ասիստներից երկուսը կատարել է «Ռեալի», իսկ մեկը՝ «Չելսիի» կազմում։
Բացի այդ, Կուրտուան, որը 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլում գոլային փոխանցում էր կատարել նաև «Կայրաթի» դեմ խաղում, դարձել է պատմության մեջ ընդամենը երկրորդ դարպասապահը, ում հաջողվել է երկու ասիստ գրանցել Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկությունում։ Նախկինում նման արդյունք գրանցել էր միայն վերոնշյալ Մոլինան («Դեպորտիվո», 2003/2004 մրցաշրջան)։
























































