Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը վնասվածքի պատճառով տևական ժամանակով շարքից դուրս է մնացել։
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ երեկ՝ փետրվարի 22-ին, 29-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որի արդյունքում ախտորոշվել է աջ ոտքի ներբանի վնասվածք։ Թեև «արքայական» ակումբը վերադարձի հստակ ժամկետներ չի հրապարակել՝ նշելով, որ դրանք կախված կլինեն ապաքինման ընթացքից, իսպանական COPE ռադիոկայանի տեղեկություններով՝ Սեբալյոսին վերականգնվելու համար կպահանջվի մոտ յոթ շաբաթ։
Հետևաբար, նա խաղադաշտ կվերադառնա միայն ապրիլի կեսերին։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
























































