Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հանդիպել է թիմի ավագ և պաշտպան Դանիել Կարվախալի հետ՝ քննարկելու վերջին շրջանում ստեղծված իրավիճակը։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր Marca պարբերականը, զրույցը տեղի է ունեցել «արքայական» ակումբի մարզաբազայում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը դժգոհ է պահեստայինների նստարանին մնալու փաստից և վրդովված է, որ գլխավոր մարզիչը չի բացատրում որոշման պատճառները։ Մինչդեռ այլ աղբյուրներ պնդում էին, որ Արբելոայի նպատակը պաշտպանին խնայելն ու նոր վնասվածքներից զերծ պահելն է։
Ըստ Marca-ի՝ մարզիչն ու ֆուտբոլիստը առանձնազրույց են ունեցել երեկ՝ փետրվարի 11-ին կայացած մարզման ընթացքում։ Հանդիպումն անցել է անկաշկանդ և ոչ պաշտոնական մթնոլորտում. կողմերը փոխանակվել են կարծիքներով՝ առանց լարվածության կամ կոնֆլիկտի նշանների։
Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանը «Ռեալի» գույները պաշտպանում է 2013 թվականից։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 436 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Կարվախալը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 10 խաղ՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
























































