ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան հետաքրքրություն է հայտնել Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Թեև պորտուգալացի ֆուտբոլիստը գոհ է Փարիզում իր կարգավիճակից և ցուցադրած խաղից, նա «Ռեալը» համարում է համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վիտինյան դեմ չի լինի փոխել ակումբային գրանցումը, եթե ստանա համապատասխան առաջարկ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է ուժեղացնել կազմը՝ Չեմպիոնների լիգայում և իսպանական Լա լիգայում հաջող ելույթներն ապահովելու նպատակով։ Այս ռազմավարության շրջանակում ակումբը թիրախավորել է երկու կենտրոնական պաշտպանի և մեկ կիսապաշտպանի ձեռքբերումը։ Ընդ որում, թիմի միջին օղակի ուժեղացման առաջնային տարբերակներից մեկը հենց Վիտինյան է։
Հիշեցնենք, որ պորտուգալացի կիսապաշտպանը ՊՍԺ-ին միացել է 2022 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Պորտուից»։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 183 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Վիտինյայի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։


























































