«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշում է կայացրել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ։
ESPN-ի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը գոհ է 36-ամյա Լևանդովսկու վերաբերմունքից և խաղից։ Այդ պատճառով ակումբը դիտարկում է լեհ ֆուտբոլիստին թիմում ևս մեկ մրցաշրջան՝ առնվազն մինչև 2027 թվականի ամառը պահելու տարբերակները։
Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» կարող է Լևանդովսկու հետ նոր պայմանագիր կնքել, սակայն՝ ավելի ցածր աշխատավարձով։ Թեև պաշտոնական բանակցությունները դեռ չեն սկսվել, սպասվում է, որ մոտ ժամանակներս ակումբի մարզական տնօրեն Դեկուն և Հանս-Դիտեր Ֆլիկը ֆուտբոլիստի հետ կքննարկեն նրա ապագան։
Ակումբը կարծում է, որ Լևանդովսկին կարող է շարունակել պահպանել իր առանցքային դերը թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։ Ընթացիկ մրցաշրջանում լեհ գոլահարը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 27 խաղ, խփել 12 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։



























































