«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է լքել անգլիական ակումբը գալիք ամռանը, հայտնում է BBC-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Քաղաքաբնակների» ճամբարում ներկայումս զգալի անորոշություն է տիրում մասնագետի ապագայի վերաբերյալ։ Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացվի մրցաշրջանի վերջնամասում։ Ընդգծվում է, որ եթե անգամ իսպանացի մարզիչը փոխի նախնական որոշումն ու մնա ակումբում, դժվար թե երկարաձգի գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2027 թվականին։
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 24 խաղից հետո վաստակած 47 միավորով։ Թիմը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, դուրս է եկել Լիգայի գավաթի եզրափակիչ և Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ։
55-ամյա Գվարդիոլան գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ ակումբը 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը, չորս անգամ՝ Լիգայի գավաթը և երեք անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը։ 2023 թվականին «Սիթին» հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։




























































