Իտալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացած «Կրեմոնեզե»–«Ինտեր» հանդիպումը (0-2) նշանավորվել է արտակարգ և ողբերգական միջադեպով։ La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ տանտերերի դարպասապահ Էմիլ Աուդերոն տուժել է հյուրերի՝ «Ինտերի» երկրպագուների տրիբունայից նետված ճայթրուկի պայթյունից։
Հանդիպման ընթացքում միլանյան ակումբի երկրպագուներից մեկը ճայթրուկ է նետել դարպասապահի ուղղությամբ։ Պայթյունի ձայնային ալիքից խլացած Աուդերոնը ընկել է խոտածածկին։ Բժշկական անձնակազմն անմիջապես օգնություն է ցուցաբերել ֆուտբոլիստին, ինչից հետո նա կարողացել է շարունակել խաղը։
Խուլիգանական արարքը ծանր հետևանքներ է ունեցել հենց ագրեսիվ երկրպագուի համար։ Նրա ձեռքում վաղաժամ պայթել է երկրորդ ճայթրուկը, որը նա պատրաստվում էր նետել։ Պայթյունի հետևանքով տղամարդը կորցրել է ձեռքի մատները։ Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցից դուրս գրվելուն պես նրան սպառնում է անհապաղ ձերբակալություն։

«Ինտերի» խաղացողները կտրուկ են արձագանքել իրենց երկրպագուների պահվածքին։ Ի նշան բռնության դեմ բողոքի՝ ֆուտբոլիստները խաղի ավարտից հետո հրաժարվել են մոտենալ տրիբունային և ողջունել իրենց երկրպագուներին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 23 խաղում վաստակած 55 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Կրեմոնեզեն» 23 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
























































