«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, դժգոհ լինելով կատալոնական ակումբում պահեստայինների նստարանին հայտնվելու փաստից, որոշում է կայացրել փոխել ակումբային գրանցումը։ Գերմանացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ժիրոնայի» կազմում։
Հայտնի լրագրող Նիլ Սոլայի տեղեկություններով՝ «Բարսելոնայի», «Ժիրոնայի» և Տեր Շտեգենի միջև բանակցություններն արդեն եզրափակիչ փուլում են, և կողմերին մնացել է հստակեցնել միայն պայմանագրի վերջին մանրամասները։ Տեղափոխությունը կկայանա վարձակալական հիմունքներով։
Նշվում է, որ 33-ամյա դարպասապահը պատրաստակամություն է հայտնել գնալ ֆինանսական զիջումների։ «Ժիրոնան» կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի միայն այն մասը, որը թույլ է տալիս ակումբի բյուջեն։
Հավելենք, որ «Ժիրոնան» այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

























































