Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի՝ «Ալբասետեի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ։ «Սերուցքայինների» համար ծանր դասավորված խաղը, որում նրանք սենսացիոն պարտություն կրեցին 2-3 հաշվով, ուղեկցվել է տհաճ միջադեպերով։
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ ճնշումները սկսվել են դեռևս նախախաղային վարժանքի ընթացքում: «Ալբասետեի» երկրպագուների մի խումբ տրիբունաներից վանկարկել է՝ «Վինիսիուս, դու կապիկ ես»։
Սակայն վիրավորանքները միայն բանավոր բնույթ չեն կրել։ AS-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են երկրպագուները բանան նետել խաղադաշտ՝ ակնհայտորեն նպատակ ունենալով հարվածել Վինիսիուսին։ Միրգն ընկել է ֆուտբոլիստից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
🔴 Fans of Spanish second division team Albacete threw bananas at Vinicius Jr. pic.twitter.com/zRAxcKZYNU
— Cyrus Intel (@Cyrus_Intel50) January 15, 2026
Տեղի ունեցածին առաջինն արձագանքել է «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որը հայտավորված չէր այդ խաղին։ Բելգիացին սոցիալական ցանցերում դատապարտել է երևույթը՝ գրելով. «Վերջ տվեք ռասիզմին։ Սա խայտառակություն է»։
Նշենք, որ «Ռեալին» պայքարից դուրս թողած «Ալբասետեն» ներկայումս զբաղեցնում է Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի (Սեգունդա) մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։


























































