Մադրիդի «Ռեալի» դարպասապահը Տիբո Կուրտուան կարծում է, որ իր թիմն արժանի չէր պարտության «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության դրամատիկ եզրափակիչում, որն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Հանդիպման ընթացքում մադրիդյան թիմը ցուցաբերեց կամային որակներ՝ առաջին խաղակեսի վերջնամասում երկու անգամ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։ Մադրիդցիների կազմում աչքի ընկան Վինիսիուս Ժունիորը և Գոնսալո Գարսիան։ Սակայն ընդմիջումից հետո «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով «կապտանռնագույններին»։
«Հնարավոր է՝ առաջին խաղակեսում չափազանց զգուշավոր ու փակ էինք գործում, սակայն երկրորդ կեսում մենք արժանի էինք հաղթանակի։ Մենք բոլոր հնարավորություններն ունեինք դրա համար։ Ցավալի է եզրափակիչում զիջելը սկզբունքային մրցակցին, բայց այժմ հարկավոր է կենտրոնանալ Լա Լիգայի և Իսպանիայի գավաթի վրա։ Այսօր հանգամանքները մեր դեմ էին․ մենք պահեր էինք ստեղծում, սակայն գնդակը համառորեն չէր հայտնվում դարպասում»։
Բելգիացի դարպասապահն առանձնահատուկ ջերմությամբ է խոսել թիմակից Վինիսիուս Ժունիորի մասին՝ ընդգծելով բրազիլացու կարևորությունը թիմի համար․
«Թիմում նրա հանդեպ լիակատար վստահություն կա։ Վինիսիուսը հրաշալի ֆուտբոլիստ է, և «Ռեալում» բոլորը գիտեն նրա ներուժը։ Նա հերթական անգամ ի ցույց դրեց իր բարձր կարգը։ Եզրափակիչում Վինին շքեղ գոլի հեղինակ դարձավ և իսկական մղձավանջ էր կատալոնացիների համար, բայց մենք չօգտվեցինք դրանից։ Սա հիանալի հանդիպում էր նրա կատարմամբ», — Կուրտուայի խոսքերն է մեջբերում «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։
Հարկ է նշել, որ սա «Ռեալի» արդեն երրորդ պարտությունն է «Բարսելոնայից» եզրափակիչներում՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում։


























































