Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը նշել է «Գալակտիկոսի» լավագույն խաղացողին։
— Ո՞վ էր լավագույնը «Գալակտիկոսում»։
«Բեքհեմը։ Իհարկե դա Բեքհեմն էր։ Զիդանը լավագույն խաղացող էր, նա լավագույնն էր, բայց Բեքհեմը իմ մտերիմ ընկերն էր, իմ օրինակը․ լավագույնը մարզումներում, լավագույնը խաղերում, անընդհատ վազում էր, անհավանական փոխանցումներ էր կատարում։ Նա իր առավելագույնն էր տալիս։
Անկախ նրանից, թե ինչ են ասում Ռոնալդոյի, Զիդանի, Ռաուլի, Ֆիգուի, Մորիենտեսի, Միշել Սալգադոյի մասին, «Գալակտիկոսի» գոյության չորս տարիների ընթացքում Բեքհեմը ամենահաստատուն խաղացողն էր, լավագույնը։
Զիդանը բարձրակարգ խաղացող էր և մնաց բարձրակարգ, բայց Բեքհեմը աշխատում էր թիմի համար։ Նա հարձակվում էր, պաշտպանվում, փոխանցումներ էր անում՝ անում էր այն ամենը, ինչ թիմին անհրաժեշտ էր․ այն, ինչ հանրությունը չէր տեսնում, բայց այն, ինչը մենք բոլորս տեսնում էինք թիմում։ Նա յուրահատուկ խաղացող էր։ Նա խաղում էր թիմի համար, այլ ոչ թե երկրպագուների համար։ Սա է նրա և մյուսների միջև եղած տարբերությունը»,- ասել է Կառլոսը Ջոն Օբի Միկելի YouTube-յան պոդքաստի ժամանակ։
Բեքհեմը «Ռեալի» կազմում խաղացել է 2003-ից 2007 թվականներին։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 159 խաղ՝ դառնալով 20 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիացին «սերուցքայինների» կազմում նվաճել է երկու գավաթ՝ առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը։





















































