Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին։
«Հայաստանը պայքարը սկսեց խմբի ամենադժվար մրցակցի՝ Պորտուգալիայի դեմ խաղով, ապա հաղթեց Իռլանդիային։ Հետո մենք խաղացինք և տանը շատ դժվար ժամանակներ ունեցանք։ Դրանից հետո նրանք պարտվեցին Իռլանդիայում, բայց նույնքան լավ հանդես եկան, որքան նախկինում։
Մենք այն վիճակում չենք, որ թերագնահատենք հայերին։ Պետք է խաղադաշտ մտնենք շատ լավ տրամադրվածությամբ առաջին րոպեից և ճնշում գործադրենք նրանց վրա։
Չեմ ուզում ամբարտավան թվալ, բայց մենք այստեղ ենք եկել հաղթելու համար, քանի որ դա մեր միակ ճանապարհն է, որով կարող ենք լավ հնարավորություն ունենալ փլեյ-օֆֆ դուրս գալու։ Գիտենք, որ դա հեշտ չի լինելու, մենք ստիպված կլինենք տառապել, բայց պատրաստ ենք և մոտիվացված։
Մանրակրկիտ վերլուծել ենք հայերի խաղերը և կփորձենք խուսափել սխալներից։ Արդարացումների տեղ չկա՝ ո՛չ թռիչքի ժամանակի հետ կապված, ո՛չ միջավայրի, ո՛չ էլ խոտածածկի որակի։ Մեր միակ նպատակը հաղթանակն է։ Մենք հարգում ենք մեր մրցակցին և գիտենք, որ նրանք այդ երեք միավորը մեզ չեն նվիրի։
Բոլորը հիշում են այն օրը, երբ Մարտոն Ֆյուլոփը մահացավ։ Մեր նպատակն է վաղը հնարավորինս լավ հանդես գալ, բայց նախ պետք է վաստակել երեք միավոր, քանի որ դա ֆուտբոլում ամենակարևորն է։ Այդ դեպքում մենք հաղթանակը կնվիրենք Մարտոնին»,– նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է Ռոսին։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։




























































