Մադրիդում հրդեհ է բռնկվել «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տանը։ Ինչպես հայտնում են TeleMadrid-ը և Marca-ն, հրդեհն առաջացել է մարզիկի տան սաունայում՝ էլեկտրական լարերի անսարքության պատճառով։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ Մադրիդի արվարձան Ալկոբենդաս քաղաքի Լա Մորալեխա թաղամասում։ Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է տան նկուղում գտնվող սաունան, իսկ ծուխը տարածվել է մինչև երկրորդ հարկ։ Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։
Հրդեհի պահին Վինիսիուսը գտնվում էր Բրազիլիայի ազգային հավաքականի ճամբարում՝ պատրաստվելով ընկերական խաղերին Հարավային Կորեայի (հոկտեմբերի 10-ին) և Ճապոնիայի (հոկտեմբերի 14-ին) դեմ։
Այս մրցաշրջանում 25-ամյա բրազիլացի հարձակվողը «Ռեալի» կազմում մասնակցել է 8 խաղի, խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։























































