Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարական կոմիտեն այլևս նախապես չի հրապարակի մրցավարների անունները, հայտնում է RFEF-ի մամուլի ծառայությունը:
Լա Լիգայի և երկրորդ դիվիզիոնի խաղերի մրցավարական նշանակումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի խաղից մեկ օր առաջ՝ մինչև տեղական ժամանակով 16:00-ն: Ուրբաթ օրերին կայանալիք խաղերի մրցավարները կհայտարարվեն հինգշաբթի, շաբաթվա խաղերի համար՝ ուրբաթ և այդպես շարունակ:
«Այս որոշումը մրցավարական համակարգի վերակազմավորման միջոցառումների մի մասն է, որոնք ընդունվել են այս մրցաշրջանում իսպանական ֆուտբոլի բոլոր շահագրգիռ կողմերի կողմից»,- նշվում է հայտարարությունում:
Իսպանիայի Լա Լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին:



























































