«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վերսկսել է հարաբերությունները իր նախկին նշանած Լյուսիա Լոյի հետ՝ երկու տարվա բաժանումից հետո: Ֆուտբոլիստը կապ է հաստատել նրա հետ և առաջարկել միասին տեղափոխվել Իսպանիա՝ օգնելու իրեն հարմարվել նոր միջավայրին: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Լյուսիան մասնակցել է Ռեշֆորդի ֆոտոսեսիային, որը կապված էր նրա՝ «Բարսելոնայի» խաղացողի շնորհանդեսի հետ: Մարկուսը համոզված է, որ Լյուսիան կարող է իրեն հոգեբանական աջակցություն ցուցաբերել:
Ռեշֆորդն ու Լյուսիան սկսել են հանդիպել դեռ դպրոցական տարիներին՝ Մանչեսթերում սովորելու ընթացքում: 2022 թվականին Ռեշֆորդն առաջարկություն է արել նրան, սակայն մեկ տարի անց զույգը բաժանվել է: Բաժանումից առաջ Ռեշֆորդը նկատվել էր Մայամիում՝ խնջույքի ժամանակ մի խումբ աղջիկների հետ, իսկ հետո մամուլում հայտնվել էին լուսանկարներ, որոնցում նա հյուրանոց էր վերադառնում մի աղջկա ընկերակցությամբ:
Հուլիսի 23-ին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխության մասին: Կատալոնական ակումբը մեկ տարով վարձակալել է 27-ամյա վինգերին՝ գնման հնարավորությամբ:
The Athletic-ի տվյալներով՝ Ռեշֆորդի լիարժեք տրանսֆերի համար «Բարսելոնան» պետք է վճարի 26 միլիոն ֆունտ ստերլինգ: Ֆուտբոլիստն ընդունել է աշխատավարձի կրճատում և Իսպանիայում կստանա տարեկան մոտ 12 միլիոն ֆունտ՝ առանց բոնուսների:
























































