Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը ապագայում կարող է գերազանցել «Ինտեր Մայամիի» լեգենդար արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Լամինը շրջանցում է իր մրցակիցներին, կարծես դա լինի համակարգչային խաղում։ Նա արդեն այդ մակարդակի վրա է։ Յամալը կարող է ապագայում ավելի լավը դառնալ, քան Լիոնել Մեսսին։ Լեոն ունի ութ «Ոսկե գնդակ»։ Լամինը մեծ մոտիվացիա ունի միայն վերև բարձրանալու համար»,– ֆրանսիացու խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Ավարտված մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ Երիտասարդ իսպանացին համարվում է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտներից մեկը։



























































