Երեկ՝ հուլիսի 7-ին, Չեռնոգորիայի «Բուդուչնոստ» ակումբի գրասենյակներում Հատուկ ոստիկանության բաժինը խուզարկություն է անցկացրել: Խուզարկությունը տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի՝ «Նոայի» դեմ կարևոր խաղից ընդամենը մեկ օր առաջ:
Ըստ «Vijesti»-ի՝ ՀՈԲ-ի աշխատակիցները, Հատուկ դատախազության հանձնարարությամբ, պահանջել են վերջին երկու տարիների ընթացքում երիտասարդ խաղացողների տրանսֆերներին վերաբերող փաստաթղթեր:
Հետաքննության կենտրոնում են երեք կասկածելի տրանսֆերներ՝ Վասիլիե Ադժիչի տեղափոխությունը «Յուվենտուս», Վիկտոր Ջուկանովիչի՝ «Համարբի» և Անդրիյա Բուլատովիչի՝ «Լանս»: Տեղեկությունների համաձայն, միայն Ադժիչի տրանսֆերի ընթացքում գործակալներին վճարվել է մոտ երկու միլիոն եվրո, ինչը խախտում է ՖԻՖԱ-ի կանոնները: Վերջիններիս համաձայն՝ գործակալների վարձատրությունը չպետք է գերազանցի տրանսֆերի ընդհանուր գումարի 10%-ը:
ՀՈԲ-ի գործողությունները նպատակ ունեն պարզելու, թե արդյոք այս տրանսֆերները ներառել են ֆինանսական խախտումներ կամ անօրինական գործարքներ: Սկանդալը ստվեր է գցում ակումբի վրա՝ կարևոր մարզական իրադարձությունից առաջ: Հետաքննությունը շարունակվում է, և ակումբը պարտավոր է համագործակցել իշխանությունների հետ: