«Բարսելոնան» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի տնային մարզահագուստը՝ սահմանելով ակումբային ռեկորդ՝ մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ծավալով։ Սակայն երկրպագուները դեռ չեն կարող ձեռք բերել Լամին Յամալի 10 համարով մարզաշապիկը։
Անսու Ֆատիի «Մոնակո» տեղափոխությունից հետո «Բարսելոնայում» ազատ է մնացել խորհրդանշական 10 համարը, որը, ակնկալվում է, կստանա թիմի առաջատար աստղ Լամին Յամալը։ Ֆուտբոլիստի խնդրանքով 10 համարի պաշտոնական հաստատումը հետաձգվել է մինչև հուլիսի 13-ը․ այդ օրը ֆուտբոլիստը նշում է իր 18-ամյակը։
Այդ ընթացքում ակումբը և երկրպագուները լուծումներ են գտել։ Ֆան խանութում հնարավոր է անհատականացնել մարզաշապիկը՝ ավելացնելով Յամալի անունը և 10 համարը 25 եվրոյով։ Առցանց խանութում երկրպագուները կարող են պատվիրել Յամալի մարզաշապիկ «խորհրդավոր համարով», որը կառաքվի միայն համարի պաշտոնական հաստատումից հետո։
Հնարավոր է, որ հաջորդ մրցաշրջանում փոփոխվի ոչ միայն Յամալի համարը, այլև նրա մարզաշապիկին նշվող անունը։