Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարգադրել է սկսել իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի տրանսֆերի գործընթացը, տեղեկացնում է Don Balon-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն չի տեսնում Սեբալյոսին իր խաղային համակարգում և արդեն հայտնել է ղեկավարությանը, որ կիսապաշտպանը չի մտնում իր ծրագրերի մեջ։ Ըստ տեղեկությունների՝ Սեբալյոսը չի համապատասխանում այն ֆիզիկական, տեխնիկական և մարտավարական պահանջներին, որոնք Ալոնսոն դնում է իր խաղացողների առջև։
Պերեսը լիարժեք աջակցել է մարզչին և հանձնարարել է աշխատանքներ սկսել ֆուտբոլիստի վաճառքի ուղղությամբ։ Սեբալյոսի ծառայություններով արդեն հետաքրքրված են մի շարք ակումբներ Լա լիգայից և Պրեմիեր լիգայից։
«Ռեալը» նախընտրում է ֆուտբոլիստին վաճառել 5–10 միլիոն եվրոյի դիմաց, սակայն չի բացառվում նաև վարձակալության տարբերակը՝ պարտադիր գնման կետով։