Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան ուշագրավ հայտարարություն է արել թիմի՝ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունից դուրս մնալուց հետո։ Հիշեցնենք, որ «ներաձուրիները» 1/8-րդ եզրափակիչում 0:2 հաշվով պարտություն կրեցին բրազիլական «Ֆլումինենսեից»։
Խաղից հետո թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ նշելով.
«Նրանք, ովքեր ցանկանում են մնալ՝ մնում են։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում՝ ցտեսություն»։
Մարոտան ավելի հեռուն է գնացել՝ բացահայտելով, թե կոնկրետ ում էր ուղղված այդ խոսքերը։
«Լաուտարոյի խոսքերը ուղղված էին Չալհանօղլուին։ Մենք կխոսենք Հականի հետ։ Եթե հնարավորություն լինի բաժանվելու, մենք դա կանենք առանց որևէ խնդրի»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում The Touchline-ը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Հական Չալհանօղլուն մինչև ակումբային ԱԱ-ի մեկնարկը համաձայնության է եկել թուրքական «Գալաթասարայի» հետ։