Իսպանիայի հավաքականի երիտասարդ աստղ Լամին Յամալը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպել է իր մանկության կուռքին՝ բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին: Վերջինս Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է նրանց համատեղ ժամանցը:
Տեսանյութում Յամալն ու Նեյմարը խաղում են ֆուտվոլեյ՝ ավազի վրա համադրելով ֆուտբոլն ու վոլեյբոլը, զվարճանում են բասկետբոլի ավտոմատներով, զբոսնում գոլֆի մեքենայով և վայելում անկաշկանդ մթնոլորտը:
17-ամյա Յամալն այժմ արձակուրդում է՝ ծանր մրցաշրջանից հետո: Նա ճանապարհորդում է տարբեր երկրներով՝ այցելելով Իտալիա, իսկ Բրազիլիայում՝ Սան Պաուլու, որտեղ զբաղվել է սերֆինգով: Ռիո դե Ժանեյրոն նրա ճամփորդության հերթական կանգառն է:
Նեյմարը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Սանտոսի» հետ, որն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին: Չնայած դրան, նա լավատես է և վստահ, որ շուտով նոր պայմանագիր կկնքի: Բացի այդ, վերջերս տեղեկություններ էին շրջանառվում «Ֆլումինենսե» տեղափոխվելու մասին՝ ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, սակայն Նեյմարը հրաժարվել է այդ տարբերակից: