Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Իգոր Սեմշովը մեկնաբանել է «Կրասնոդարից» Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։
«Կկարողանա՞ «Կրասնոդարը» լուծել իր խնդիրները, եթե Սպերցյանը հեռանա։ Տեսեք, ֆուտբոլիստները միշտ են փոխում թիմերը։ «Կրասնոդարը» հաստատ կգտնի Սպերցյանի փոխարինողին։ Երբ Սաֆոնովը հեռացավ, հայտնվեց Ագկացևը, ով մինչև այդ պահեստային էր։ Բայց երբ Սաֆոնովը գնաց, Ագկացևին վստահեցին, և թիմը դարձավ չեմպիոն։
Անփոխարինելի մարդիկ չկան։ Բայց եթե խաղացողն արդեն շատ բան է տվել ակումբին, և կան առաջարկներ, ապա նրան պետք է բաց թողնել։ Դրա համար էլ նրանք խաղում են՝ աճելու և ուժեղ ակումբներ տեղափոխվելու համար։ Նույնիսկ արտասահմանյան», — ասել է Սեմշովը Metaratings.ru-ի հետ զրույցում։
Ավելի վաղ Спорт-Экспресс-ը հաղորդել էր, որ նիդերլանդական «Այաքսը» հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ 25-ամյա կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Կրասնոդարի» 35 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում՝ օգնելով ակումբին նվաճել իր պատմության առաջին չեմպիոնությունը։