Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
39-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» շարքերը կլքի որպես ազատ գործակալ՝ աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Football Italia-ի տվյալներով՝ խորվաթին ցանկանում է ձեռք բերել «Միլանը»։ «Ռոսոներիների» նոր մարզական տնօրեն Իգլի Տարեն արդեն կապ է հաստատել կիսապաշտպանի հետ, որի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայում։
«Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նույնպես ցանկանում է թիմում տեսնել «արքայական» ակումբի լեգենդին։
Մոդրիչը մեկ անգամ խոստովանել է, որ մանկուց երկրպագել է «Միլանին», ինչը, հավանաբար, կհեշտացնի իտալական հսկայի գործը։ Նշենք, որ «Միլանը» նախորդ Ա Սերիայում զբաղեցրել է 8-րդ տեղը։