Եվրոպական հանձնաժողովը որոշել է հետաքննություն չսկսել «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի դեմ՝ չնայած Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի բողոքին, որը վերաբերում էր ԵՄ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումներին։
2023 թվականի հուլիսին Տեբասը դիմել էր հանձնաժողով՝ պնդելով, որ «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն ստանում են պետական ֆինանսավորում Աբու Դաբիից և Քաթարից՝ խախտելով ֆինանսական արդար մրցակցության սկզբունքները։ Նա մեղադրել է ակումբներին գերագնահատված հովանավորչական պայմանագրեր կնքելու մեջ, որոնք խեղաթյուրում են եվրոպական ֆուտբոլի շուկան։ Երկու ակումբներն էլ կտրականապես հերքել են մեղադրանքները։
The Guardian-ի աղբյուրների համաձայն՝ ԵՄ հանձնաժողովը մերժել է հետաքննության մեկնարկը՝ պատճառաբանելով «անբավարար ապացույցները»։ Նշվում է, որ նման գործերով պահանջվում են հստակ ապացույցներ, որոնք կարող են ծառայել որպես նախադեպ սպորտի և այլ ոլորտների համար։
Հանձնաժողովը հայտարարել է, որ հետևում է սպորտային ոլորտում մրցակցային օրենսդրության պահպանմանը, սակայն ձեռնպահ է մնում ընթացիկ գնահատականների վերաբերյալ մեկնաբանություններից։
Ավելի վաղ Տեբասը խիստ քննադատության էր ենթարկել «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական կառավարումը՝ համեմատելով այն ամերիկյան Enron ընկերության սկանդալի հետ՝ պնդելով, որ ակումբը կորուստները «տեղափոխում է» այլ ընկերությունների վրա։
«Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և Լա Լիգան հրաժարվել են մեկնաբանություններ տրամադրել։