«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան հստակեցրել է իր դիրքորոշումը ակումբում իր ապագայի վերաբերյալ՝ ընդգծելով իր լիակատար նվիրվածությունը «կապտանռանգույնների» նախագծին։
Movistar-ին տված հարցազրույցում նա նշել է, որ որևէ այլ տարբերակ չի դիտարկում, բացի ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետի երկարաձգումից։
«Ի՞նչ է սպասվում հետագայում։ Իհարկե, պայմանագրի ժամկետի երկարաձգում։ Անհեթեթություն կլիներ պատկերացնել ֆուտբոլային բարձունքներ առանց «Բարսելոնայի»։ Անկեղծ ասած՝ ես այս պահին ամեն ինչից հաճույք եմ ստանում։ Ես անգամ երազել չէի կարող այս ամենի մասին»,– ասել է Ռաֆինյան։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 54 հանդիպում՝ խփելով 34 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո, իսկ գործող պայմանագրի ժամկետը «Բարսայի» հետ նախատեսված է մինչև 2027 թ․ ամառ։