Իսպանական «Սևիլյա» ակումբը պահանջել է իրավապահ մարմիններից ձերբակալել նրանց, ովքեր հարձակվել են թիմի ավտոբուսի և մարզաբազայի վրա՝ Լա Լիգայի 35-րդ տուրում «Սելտայից» 2:3 հաշվով կրած պարտությունից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղից հետո երկրպագուները փորձել են հանդիպել ֆուտբոլիստների հետ տեղի օդանավակայանում, սակայն թիմը խուսափել է հանդիպումից։ Դրանից հետո մի քանի հարյուր զայրացած երկրպագուներ հավաքվել են մարզաբազայի մուտքի մոտ, ձվերով հարվածել թիմի ավտոբուսին, վանկարկել վիրավորական արտահայտություններ, պահանջել ակումբի ղեկավարության հրաժարականը և փորձել ներխուժել բազայի տարածք՝ կոտրելով ցանկապատը։ Մարզաբազայի մոտ նախապես հավաքված Իսպանիայի ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչները ստիպված են եղել օդամղիչ զենքով օդ կրակել։
«Սևիլյան» հայտարարել է, որ համապատասխան հաղորդում կներկայացնի իրավապահներին՝ նշելով ակումբի աշխատակիցների, խաղացողների, տեխնիկական անձնակազմի և ղեկավարության նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը, որոնք տեղի են ունեցել թիմի՝ մարզաբազա ժամանելու պահին։ «Մենք խստորեն դատապարտում ենք երկրպագուների կողմից վանդալիզմի դրսևորումները։ Խնդրում ենք իրավապահ մարմիններին սկսել հետաքննություն և ձերբակալել հարձակման մասնակիցներին»,- նշված է ակումբի հայտարարությունում։
Երեք տուր առաջ «Սևիլյան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։ Վերջին ութ խաղերում թիմը կրել է վեց պարտություն և երկու անգամ խաղացել է ոչ-ոքի։