Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է «Ռեալ Մադրիդի» դարպասապահ Անդրեյ Լունինի հնարավոր տրանսֆերը։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դիեգո Սիմեոնեն նոր դարպասապահ է փնտրում, իսկ թեկնածուների շարքում Լունինը գլխավորում է ցուցակը՝ «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի հետ միասին։
Թեև Լունինը «Ռեալի» հետ պայմանագիր ունի մինչև 2030 թվականը, կողմերն, ըստ տեղեկությունների, բանավոր համաձայնության են հասել այն մասին, որ խաղացողը կարող է հեռանալ շահավետ առաջարկի դեպքում։ Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ «արքայական ակումբը» համաձայնի ուժեղացնել իր անմիջական մրցակցի կազմը։
«Ատլետիկոն» պատրաստ է երկու դարպասապահներից յուրաքանչյուրի համար առաջարկել 25 միլիոն եվրո, սակայն վերջնական որոշումը կախված կլինի թե՛ ֆուտբոլիստների, թե՛ ակումբների դիրքորոշումից։