Կիրակի՝ մայիսի 11-ին, Լա Լիգայի 35-րդ տուրում, Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում, «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանում կհանդիպեն չորրորդ անգամ։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը միայն մեկ փոփոխություն է նախատեսում կատարել հիմնական կազմում՝ Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղի համեմատ։ Կենտրոնական հարձակվողի դիրքում կմեկնարկի Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ֆերան Տորեսը կմնա պահեստայինների նստարանին։
Նշվում է, որ Ինիգո Մարտինեսը և Էրիկ Գարսիան նույնպես պատրաստ կլինեն մասնակցել խաղին՝ ստացած թեթև վնասվածքներից հետո։ Այսպիսով, սպասվում է, որ «Բարսելոնայի» մեկնարկային կազմը կլինի հետևյալը՝ Շչեսնի, Գարսիա, Կուբարսի, Մարտինես, Ժերար Մարտին, Ֆրենկի դե Յոնգ, Պեդրի, Օլմո, Յամալ, Ռաֆինյա, Լևանդովսկի։
Նշվում է նաև, որ Ալեխանդրո Բալդեն դեռ ամբողջությամբ չի ապաքինվել և ամենայն հավանականությամբ խաղը կսկսի պահեստայինների նստարանից։ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին։