Մեծահասակների ֆիլմերում նկարահանվող դերասանուհի Շարլոթ Լավիշը մեղադրել է Միլանի «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամին ընտանեկան բռնության մեջ։ Մեղադրանքները հայտնվել են սոցիալական ցանցերում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ երկրորդ հանդիպման նախօրեին։
Լավիշը հրապարակել է ութ րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ ցույց է տալիս ենթադրյալ ծեծի հետքերն ու պնդում, թե դրանք պատճառել է Թյուրամը։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում (2019–2023 թթ.)։
Նա նշել է, որ Թյուրամը փակել է իրեն սենյակում և հարձակվել է՝ փորձելով ջնջել իր կողմից նկարահանված տեսանյութը։ Բաժանորդների այն հարցին, թե ինչու է երեք տարի լռել, Լավիշը պատասխանել է, որ չի հետապնդում ֆինանսական շահ ու կարծում է, թե Թյուրամը չի պատժվի։ Ո՛չ «Ինտերը», ո՛չ էլ անձամբ Թյուրամը հրապարակայնորեն չեն մեկնաբանել մեղադրանքները։
«Բարսելոնայի» դեմ առաջին խաղում 27-ամյա ֆրանսիացին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և գոլ է խփել 30-րդ վայրկյանին՝ սահմանելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ամենաարագ գոլի ռեկորդը։ 2024/2025 մրցաշրջանում Թյուրամն «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ խփել է 18 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում, որոնցից 4-ը՝ Չեմպիոնների լիգայում։