Ժերար Պիկեն հիշել է 2010 թվականի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերից» կրած ցավալի պարտությունը՝ թեժացնելով ներկայիս հանդիպման մթնոլորտը:
«Դրանք շատ բարդ խաղեր էին: Մենք ավտոբուսով մեկնեցինք Միլան՝ Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով։ Մեր կողմից խփված գոլը չեղարկեցին»,- ասել է նա՝ անդրադառնալով Միլանում 3:1 հաշվով պարտությանը, երբ վիճահարույց գոլ էր խփել Դիեգո Միլիտոն: Պատասխան խաղում չհաշվվեց Բոյան Կրկիչի գոլը, որը կարող էր «Բարսելոնային» տանել եզրափակիչ:
Այս մրցաշրջանում Պիկեն ավելի լավատես է. «Կարծում եմ՝ «Բարսելոնան» փոքր առավելություն ունի: «Ինտերը» լավ է խաղում, բայց վերջին հանդիպումներում տուժել է, մինչդեռ «Բարսան» գերազանց վիճակում է՝ նվաճելով Արքայական գավաթը»:
Նա գովեստով է խոսել Հանսի Ֆլիկի ձևավորած երիտասարդ թիմի մասին՝ առանձնացնելով Պաու Կուբարսիին, Լամին Յամալին և Պեդրիին: «Թող նրանք գերազանցեն մեր սերնդի նվաճումները: Նրանք հիանալի խաղացողներ են և մեծ ապագա ունեն»,- ասել է Պիկեն:
Վերջում նա վստահություն է հայտնել. «Վաղ թե ուշ այս թիմը կնվաճի Չեմպիոնների լիգան: Հնարավոր է՝ հենց այս տարի»: