ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերի մրցավարական անձնակազմերը:
«Արսենալ»-ի և ՊՍԺ-ի միջև առաջին խաղը տեղի կունենա երեքշաբթի՝ ապրիլի 29-ին Անգլիայում: Այն կսպասարկի գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչի գլխավորած սլովենական մրցավարական կազմը։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Տոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը հանդես կգան որպես մրցավարի օգնական: Չորրորդ մրցավարը կլինի Մատեյ Յուհը։ Ալեն Բրոշակը պատասխանատու կլինի VAR համակարգի համար, որին կօգնի Դենիս Հիգլերը (Նիդեռլանդներ):
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն հաղթել է «Ասթոն Վիլային» (5:4): Քառորդ եզրափակչում «Արսենալը» մրցել է «Ռեալ Մադրիդի» հետ (5:1):
ՉԼ կիսաեզրափակչի մյուս զույգի՝ «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև խաղը կսպասարկի ֆրանսիական մրցավարական բրիգադը՝ Կլեման Տյուրպենի գլխավորությամբ։ Թիմերի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Մրցավարի օգնականները հանդես կգան Նիկոլաս Դանոն և Բենջամին Պաժեն։ Ֆրանսուա Լետեքսիեն կլինի չորրորդ մրցավարը։ VAR համակարգը կկառավարի Ժերոմ Բրիզարդը, որին կօգնի Վիլի Դելաժոդը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղում «Բարսելոնան» ընդհանուր 5-3 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Քառորդ եզրափակչում «Ինտերը» առավելության է հասել «Բավարիայի» նկատմամբ (4:3):