ՀՊԼ 27-րդ տուրում «Արարատ-Արմենիան» այսօր Չարենցավանում հյուրընկալվել է «Վանի» կողմից և 3։2 հաշվով կամային հաղթանակ է տարել։
Հանդիպման հաշիվն արդեն 9-րդ րոպեին բացել է տանտերերի 19-ամյա նիգերիացի կիսապաշտպան Իզուչուկվում Օկոնկվուն։ Արդեն 16-րդ րոպեին Մարիուս Նուբիսին հավասարեցրել է հաշիվը, իսկ առաջին կեսի վերջին րոպեին «Արարատ-Արմենիային» առաջ է մղել Ժիրայր Շաղոյանը։ Առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին Խուլիեն Բատիոնոն վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։
Երկրորդ կեսի մեկնարկում Շաղոյանը դուբլ է ձևակերպել և նորից առաջ մղել իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» իր միավորների թիվը հասցրել է 51-ի և հավասարվել երկրորդ տեղում ընթացող «Ուրարտուին»։ «Վանը» 41 միավորով 5-րդ տեղում է։ Չարենցավանյան թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը որակազրկման պատճառով խաղին հետևում էր տրիբունայից։