Կիլիան Մբապեն շարունակում է «պատերազմել» ՊՍԺ-ի հետ՝ պահանջելով 55 միլիոն եվրո աշխատավարձի և բոնուսների տեսքով։ Այս մասին հայտնում է Managing Madrid-ը։
Ակումբը հրաժարվում է կատարել վճարումը՝ պնդելով, որ Մբապեն խոստացել էր չհեռանալ ազատ գործակալի կարգավիճակով, սակայն, ի վերջո, հենց այդպես էլ վարվել է։
Ֆուտբոլիստի շահերը ներկայացնող փաստաբան Դելֆին Վերհեյդենը մի շարք հայտարարություններ է արել այս հարցով։ Նրա խոսքով՝ ՊՍԺ-ն այս պահին էլ վճարելու մտադրություն չունի, ինչի պատճառով Մբապեի կողմը որոշել է անցնել ակտիվ գործողությունների։
Վերհեյդենը նշել է, որ իրենք կփորձեն հարցը բարձրացնել Ֆրանսիայի սպորտի նախարարության մակարդակով։ Բացի այդ, պատրաստվում են բողոք ներկայացնել նաև ՈւԵՖԱ։
Փաստաբանը չի բացառել նաև, որ իրավիճակն այնքան կարող է սրվել, որ նույնիսկ փարիզյան գրանդը զրկվի եվրագավաթներին մասնակցության համար անհրաժեշտ լիցենզիայից։