Լա Լիգան իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պատրաստվում է անհապաղ բողոքարկել Մարզական բարձրագույն խորհրդի (CSD) որոշումը, որը բավարարել է Բարսելոնայի խաղացողներ Դանիել Օլմոյի և Պաու Վիկտորիի, ինչպես նաև հենց կատալոնական ակումբի բողոքները։
Նրանք նախկինում բողոքներ էին ներկայացրել Լա Լիգայի և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) դեմ, քանի որ այս կառույցները թույլ չէին տալիս գրանցել նշված խաղացողներին ընթացիկ մրցաշրջանի համար։
Լա Լիգան անօրինական է համարում Դանի Օլմոյին ու Պաու Վիկտորին գրանցելու որոշումը։ Հայտարարության մեջ կառույցը նշել է CSD-ի որոշման անօրինականությունը՝ իրավական տեսանկյունից։
«Լա Լիգան վերահաստատում է իր հավատարմությունը օրենքի գերակայությանը, մրցակցային արդարությանը և տնտեսական վերահսկողության ու խաղացողների գրանցման ոլորտում կանոնների օբյեկտիվ կիրառմանը։ Ուստի Լա Լիգան վերը նշված որոշումը օրինական չի համարում և անմիջապես կբողոքարկի այն»,— ասվում է հաղորդագրությունում։