Իսպանական «Բետիսի» 32-ամյա կիսապաշտպան Իսկոն ճանաչվել է Լա լիգայի՝ մարտ ամսվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Մրցանակի համար պայքարում իսպանացին հաղթել է Կիլիան Մբապեին («Ռեալ Մադրիդ»), Պեդրո Դիասին («Ռայո Վալեկանո»), Ումար Սադիկին («Վալենսիա») և Մարկոս Ալոնսոյին («Սելտա»): Սա Իսկոյի առաջին նման մրցանակն է 2024/25 մրցաշրջանում։
Նախորդ ամիս իսպանացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը երեք հանդիպում է անցկացրել՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Կարևոր է նշել, որ Իսպանիայի առաջնությունում ամսվա վերջին հանդիպման վիճակագրությունը սովորաբար հաշվի է առնվում հաջորդ ամսվա վիճակագրության մեջ։ Այսպիսով, Իսկոն չորս խաղում (ներառյալ փետրվարի վերջին՝«Խետաֆեի» հետ հանդիպումը (2:1)) ունի չորս գոլ և երկու գոլային փոխանցում):
Ընդհանուր առմամբ, Իսկոն այս մրցաշրջանում «Բետիսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։