«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է ստեղծել ալգորիթմ, որը կօգնի կանխատեսել նոր ձեռքբերվող ֆուտբոլիստների վնասվածքների հավանականությունը։ Այդ նպատակով ակումբը դիմել է Մանչեսթերի համալսարանին՝ համապատասխան մասնագետներ գտնելու համար։
Վերջին տարիներին «Մանչեսթեր Յունայթեդը» հաճախակի բախվել է վնասվածքների ճգնաժամի։ Անցած մրցաշրջանում ակումբն ունեցել է 66 վնասվածք կամ հիվանդություն, իսկ այս պահին ինը ֆուտբոլիստներ շարքից դուրս են։ Լիսանդրո Մարտինեսը (խաչաձև կապանների վնասվածք) և Ամադ Դիալոն (կոճի վնասվածք) չեն խաղա մինչև մրցաշրջանի ավարտը։
Ակումբի համասեփականատեր Սըր Ջիմ Ռեթքլիֆը խիստ քննադատել է ակումբի ենթակառուցվածքները՝ նշելով, որ տվյալների վերլուծությունը «գրեթե գոյություն չունի» և դեռ 20-րդ դարի մակարդակի վրա է։
«Յունայթեդը» 2022-ին վարձեց Դոմինիկ Ջորդանին՝ որպես տվյալագիտության բաժնի ղեկավար, սակայն նա հեռացավ 2023-ին։ Ակումբը համագործակցում է Մանչեսթերի Մետրոպոլիտեն համալսարանի սպորտային ինստիտուտի հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել թիմի արդյունավետությունը։
Աղբյուրը՝ Manchester Evening News